Ոստիկանները բացահայտել են «Հայփոստի» բաժանմունքի ավազակությունը․ 3 անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Փետրվարի 3-ին՝ ժամը 17-ն անց 10-ի սահմանում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դիմակավորված անձինք մտել էին Սեբաստիա փողոցի «Հայփոստի» բաժանմունք ու դանակի և ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով փող հափշտակել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր, Երեւան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների ու Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն ու տարաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունը րոպե առաջ բացահայտելու եւ կատարողներին քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։

Համատեղ աշխատանքը դեպքից երկու օր անց արդյունք տվեց։ Փետրվարի 5-ի գիշերը Աբովյան քաղաքում հայտնաբերվեցին ու ավազակություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվեցին երեք անձ՝ 24, 36 եւ 38 տարեկան։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիքները հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։