ՍԴ նախագահի և անդամների լիազորությունների հարցով ԱԺ արտահերթ նիստը կկայանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Դեկտեմբերի 6-ի խորհրդարանական արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ անելու օրինագծերը, կայանալու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որի ընթացքում  քննարկում էր արտահերթ նիստի օրակարգը հաստատել-չհաստատելու հարցը, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Լրագրողների հարցին, թե ինչու մի քանի անգամ հետաձգվեց խորհրդի նիստը, Մակունցը պատասխանեց. «Հետաձգումները բացառապես տեխնիկական բնույթի էին կրում, իսկ նիստը, այո, կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին»:

Մակունցը նշեց, որ օրակարգում ներառված են երկու նախագծեր: Դրանցից մեկի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, մյուսի համահեղինակները 37 իշխանական պատգամավորներ են:

Նշենք, որ Հովակիմյանի նախաձեռնած օրեսդրական փաթեթը ենթարդում է շրջանցել ՍԴ-ի ու նախագահի ինստիտուտի մի շարք լիազորություններ: Մյուս նախագծով՝ առաջարկվում է դադարեցնել ՍԴ-ի անդամների լիազորությունները:
Հարցին՝ արդյո՞ք 37 պատգամավորներն էլ համահեղինակել են օրինագիծը, Մակունցը խուսափեց պատասխանել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրինագծերն իրենց համար անընդունելի են: «Խորհրդի 5 անդամներ՝ մեր ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները,  դեմ ենք արտահայտվել, բայց «Իմ քայլի» բոլոր ներկայացուցիչները կողմ էին: Մեծամասնության ներկայացուցիչները խորհրդի նիստի ժամանակ չթաքցրեցին, որ օրինագծերը հապշտապ կերպով օրակարգ բերելը քաղաքական որոշում է եղել»:Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: