Վթարի ենթարկված՝ 99 համարի վարորդը դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վթար

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով 99 համարի երթուղայինի վարորդի վթարին։

«99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

Ըստ գործող կարգի՝ վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:

Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:

Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը»,-գրել է Հակոբ Կարապետյանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։