Չինաստանում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից 1-ը տարհանվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

կոնրոնա1

Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին արձագանքել է ՀՀ 600 քաղաքացի. ՉԺՀ տարածքում կորոնավիրուսի կարանտինի գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներից ևս մեկն առաջիկա օրերին կտարհանվի: Այդ մասին «Ազատություն»  ռադիոկայանին հայտնել է ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:

Ըստ պաշտոնյայի՝ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է ՉԺՀ իշխանության կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումներ, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին:

«ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից»,-ասել է Մնացական Սաֆարյանը, ապա հավելել, որ տարհանումն իրականացվում է կամավոր սկզբունքով, իսկ կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում: 

«ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ»,-ասել է պաշտոնյան: 

ՀՀ ԱԳՆ-ի՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերի ընթացքում Հայաստան են վերադարձել 200 ՀՀ քաղաքացիներ:

Աղբյուրը նաև նշում է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն դեռ չի ստացել: