«Ժառանգությունը» դեսպանի հետ քննարկել է Արցախյան հիմնահարցի լուծման գործում ԱՄՆ ներդրումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նարինե

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսի հետ: Այդ մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ունեցող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կարեւոր հարցերի լայն շրջանակ: Բարձր գնահատվեցին Հայաստան-ԱՄՆ փոխգործակցության  խորացող մակարդակը, Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի անցկացումը, Արցախյան հիմնահարցի խաղաղ և իրավական հանգուցալուծման  գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ ներդրումը: 

Ընդգծվեց տարածաշրջանային խնդիրներում երկու պետությունների համագործակցված հավասարակշիռ քայլերի հետագա կարևորությունը՝ հանուն ժողովրդավարության և  փոխըմբռնման  հաստատման ու ամրապնդման:

Հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, միջազգային հարցերով քարտուղար Աշոտ Սարգսյանը և խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը: