Նուբարաշենի մթերային խանութից տերմինալը գողացել են եւ թալանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

/

Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ կար։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Էրեբունու և Նուբարաշենի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Դեպքից որոշ ժամանակ անց Նուբարաշենի հարակից բարձունքի վրա հայտնաբերվել է գողացված տերմինալը՝ վնասված ու թալանված վիճակում։ Բացահայտման աշխատանքին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, որոնք հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերեցին։ Փետրվարի 1-ին Երևանի բնակիչներ 28 և 35-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։

Քննությանը հայտնի տվյալներով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից և մարզերից տերմինալներ են գողացել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։