Զորակոչից խուսափած անձինք 2019-ին վճարել են ավելի քան 2 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

զորակոչ

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակում 2019 թվականի ընթացքում բավարարվել են 955 քաղաքացիների դիմումներ, որոնց կողմից վճարվելիք գումարների չափը կազմել է 2 միլիարդ 290 միլիոն 720 հազար դրամ: Այդ մասին «Հետքը» տեղեկացել է ՊՆ-ից ստացված գրավոր հարցման պատասխանից:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ վերոնշյալ օրենքը հնարավորություն էր ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), զորակոչից խուսափած անձանց վճարել համապատասխան պետական տուրքը, այդ տեղեկանքը ներկայացնել զինվորական դատախազություն, ինչից հետո ազատվելով քրեական հետապնդումից` անարգել մուտք գործել Հայաստան:

Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր օրինախախտի դեպքում վճարվելիք տուրքի չափը տարբեր է` պայմանավորված այն հանգամանքով, թե քանի զորակոչից է վերջինս խուսափել: Օրինակ, եթե քաղաքացին 9 տարի հետախուզման մեջ է եղել, ապա պարտավոր է վճարել ամսական նվազագույն աշխատավարձի (այս դեպքում այն հաշվարկվում է 1000 դրամ) 200-ապատիկի չափով գումար` 3 միլիոն 600 հազար դրամ (1000x200x18):

Պաշտպանության նախարարությունից նաև հիշեցրել են, որ այդ գումարները քաղաքացիների կողմից մուտքագրվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար։

Օրենքն իր ուժը կորցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, ինչն իր ազդեցությունն է ունեցել 2019-ին դիմումների կտրուկ աճի վրա: