Օտարերկրացիները բանկային քարտերով 4,9 մլն անգամ վճարում են արել մեր խանութներում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Նիկոլ կրուպնի

2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4,9 միլիոն գործարք: Այդ մասին ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաև կանխիկացում իրականացրել բանկոմատներում:

Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1,6 միլիոն գործարքով:

Դրամային առումով՝ օտարերկրյա քարտերից 2019 թվականին ունեցել ենք 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:

Ինչպես նկատեցիք, գործարքների քանակն ավելի մեծ տոկոսային աճ ունի, քան գործարքների դրամային ծավալը:

Սա կարող է նշանակել, որ օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի շատ են օգտվել փոքր և միջին բիզնեսի ծառայություններից, որովհետև համեմատաբար ավելի փոքր գին ունեցող գործարքներ սովորաբար կնքվում են հենց փոքր և միջին բիզնեսի հետ, փոքր կանխիկացումներ իրականացվում են փոքր բիզնեսին, ներառյալ տաքսիներին վճարելու համար:

Իսկ սա նշանակում է, որ տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք՝ աշխատում է իրական կյանքում»,- գրել է նա: