Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):

Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ և բուք), Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի (բացառությամբ՝ Աբովյան և Եղվարդ քաղաքների) մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։