Հարցաքննության ողջ ընթացքը վերահսկվել է ՀՔԾ պետի կողմից․ Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

«Ինչպես կանխագուշակում էի, հրավիրվել էի ցուցմունք տալու «իկոայի գործով», - ՀՔԾ-ից դուրս գալով՝ լրագրողներին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ հարցաքննության ողջ ընթացքը վերահսկվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահի հավաստմամբ՝  հարցաքննության ընթացքում քննիչ Լեռնիկ Սարգսյանը 7-10 րոպեով դուրս է եկել սենյակից, հետո  վերադարձել ու նոր հարցեր տվել, որից հետո Սամսոնյանի պատասխաններից որոշ հատվածներ չի ներառել ցուցմունքում:

«Երբ ավարտվեց հարցաքննությունը, վերցրեցինք թուղթը, որ ծանոթանանք ցուցմունքի հետ, ու պարզվեց քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխանները արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր, նոր տպել էր: Նման աբսուրդ ես երբեք չեմ տեսել։ Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք արեց՝ իմ խսքերը հեռացրեց հարցին պատասխանելու տրամաբանությունից: Ինձ տրված հարցին որպես պատասխան վերջում ավելացրել եմ, որ իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է արտաքին գործողություններով, այն է՝ ՀՔԾ պետը քաղաքական գործունեությամբ է զբաղվել և զբաղվում, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ վստահություն նրա նկատմամբ: Այս հարցի պատասխանը քննիչը հանել էր», - մանրամասնեց Սամսոնյանը՝ Նշելով, որ այդքանից հետո չի ստորագրել ցուցմունքի տակ՝ փոխարենը գրելով, որ իր կողմից ասված խոսքերն ամբողջությամբ չեն արտահատվել, տպագրված պատասխանների և իր տված պատասխանների մեջ կա տարբերություն, իսկ քննիչը կեղծարար է:

Նրա խոսքով՝ քննիչը վերելակի մոտ իրեն սպառնացել է, որ դատելու է. «Սպասում եմ՝ ինչ հոդվածով են ինձ դատելու, չեմ բացառում, որ երկու ժամ հետո դառնամ մեղադրյալ»:

Սամսոնյանի փաստաբան Սամվել Սիմոնյանն իր հերթին ասաց, որ վկայի կարգավիճակը թույլ է տալիս տալ ցուցմունք, որը, ըստ վկայի, ճշմարտացի է, և որևէ մեկը չի կարող ուղղորդել, որ ձևակերպումները լինեն որևէ մեկի սրտով:

Բոլոր այդ գործողությունները որակելով որպես քաղաքական հետապնդում՝ Սամսոնյանը համոզմունք հայտնեց, որ ողջ գործընթացն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից: