Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան դեռ գիշերվանից աղով ու ավազով մշակել է փողոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ձյուն

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը:

«Ամբողջ աշխատանքը համակարգվում է քաղաքապետի կողմից, բոլոր ստորաբաժանումները գիտեն իրենց անելիքները, վարչական շրջաններում աշխատանքներն անմիջականորեն հսկում են վարչական շրջանների ղեկավարները, ամեն ինչ կառավարվում է համայնքային կառույցի կողմից: Կա աշխատանքի հստակ բաժանում: Այսօր հիմնականում ձյան տեղումների առատություն նկատվեց հյուսիսային գոտում»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։

«Ունենք հստակ գծագիր՝ ուղղությունների հետ կապված: Ամենակարեւորն առաջնային ճանապարհներն են, որից հետո երկրորդական եւ միջբակային փողոցներն են մաքրվում: Համացանցային խմբի միջոցով մշտապես հետեւում ենք աշխատանքների ընթացքին. այն վարչական շրջանում, որտեղ մեքենան ավարտ է տվել, այն ամրակցում ենք մյուս վարչական շրջանին, որպեսզի ավելի արագ աշխատանքները կազմակերպենք: Գլխավոր փողոցներն արդեն ամբողջությամբ մաքրված են եւ անցանելի բոլոր ավտոմեքենաների համար»,- նշել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ձնամաքրումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կա պայմանավորվածություն «Երքաղլույս» ընկերության հետ, եւ արտաքին լուսավորության համակարգը միացված է մնում մինչ լույս: Արդեն առավոտյան աշխատանքներ են տարվում նաեւ կամրջային հատվածներում առաջացած սառցալեզվակները հեռացնելու համար:

Համայնքային տեխնիկայից բացի ձնամաքրման գործընթացին մասնակցել են նաեւ ենթակապալառու ընկերությունները։ Համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաեւ Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալող ընկերություններն ու անհատները: Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը խթանելու սկզբունքը, ինչը միջազգայնորեն ընդունված գործելաոճ է:

Մեկ անգամ եւս կոչ ենք անում վարորդներին՝ երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։