ԳՇ պետը մատակարարներին հորդորել է աշխատել առավել ազնիվ, թափանցիկ և ըստ ժամանակացույցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

գշ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։

Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաեւ ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների որակյալ եւ ժամանակին մատակարարումը: Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈւ ղեկավարությունն իր առջեւ խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները եւ մատակարարների հետ համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետեւել մատակարարվող ապրանքների եւ ծառայությունների տեխնիկական բնութագրերին եւ պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա: Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաեւ աշխատել առավել ազնիվ եւ թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, եւ ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաեւ շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին եւ շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա: