Գյուղացին չի տուժում. Գեորգի Ավետիսյանը՝ անասնապահների բողոքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

.

Ընդամենը օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները», ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի գնելու և տեղափոխելու, հենց այս օղակն ապահովել են այլ մարդիկ: Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցել եք, որ միակ ձևափոխությունը, որ կարող է լինել դա դաշտում քաղաքակիրթ տեղափոխումն ապահովողների ավելացումն է։

Գյուղացին չի տուժում», - նշել է Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ այսօր կեսօրին մի քանի հարյուր անասնապահներ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը: