Գեորգի Կուտոյանի սպանությունը հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է. «Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

կուտոյան

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Հայտարարությունը՝ ստորև.

«Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց:

Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ եւ մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ։

Տեսնելով, որ նոր իշխանությունը պատժելու փոխարեն լեգիտիմացնում է իրեն եւ դասական ընդդիմության է վերածում՝ մաֆիան թեթեւացած շունչ քաշեց եւ արդեն 2018-ի ամռանը վերակազմակերպվեց ու ձեռնամուխ եղավ ռեւանշի։

Մինչդեռ հենց 2018-ի մայիսից սկսել ենք զգուշացնել նոր իշխանությանը, որ չի կարելի ռեժիմին թավշյա մեթոդով տապալելու բացառիկ հաջողությունը դարձնել մատի փաթաթան եւ պատսպարվել դրա հետեւում։

Զգուշացրել ենք, որ պետությունը միայն մասամբ է ազատագրված, որ հատկապես ուժային եւ դատաիրավական մասով մնում է մաֆիայի ձեռքում, ուստի անցումային արդարադատություն չիրականացնելու, առաջին հերթին՝ Հայկական Նյուրնբերգ եւ լյուստրացիա չկազմակերպելու, ինչպես նաեւ ուժային մարմինները չմաքրելու դեպքում մաֆիան ձգտելու է ամեն գնով նորից ամբողջությամբ վերազավթել պետությունը։

Զգուշացրել ենք նաեւ, որ իր նպատակին հասնելու համար մաֆիան ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու եւ արյուն է հեղելու։

Ցավոք սրտի, իշխանությունը չլսեց մեր և հետագայում նաեւ շատ ուրիշների զգուշացումներն ու հորդորները։

2019-ի աշնանից սկսած՝ ազատորեն գործելու հնարավորություն ստացած մաֆիան սողացող ռեւանշի իր մարտավարության մեջ հասավ այն կանխատեսելի հանգրվանին, որ սկսեց ֆիզիկապես վերացնել կարեւոր տեղեկության տիրապետող եւ տարբեր պատճառներով իր վերահսկողությունից դուրս մնացած անձանց։

Սակայն գործող իշխանությունը շարունակում է կառավարման իմաստով մնալ հանցավոր անգործության վիճակում։ Նույնիսկ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանությունից հետո իշխանությունը չսթափվեց եւ գոնե անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկեց կարեւոր տեղեկույթի տիրապետող նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Ցավով եւ ափսոսանքով պետք է արձանագրել, որ ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի սպանությունը նշված գործընթացի հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է։

Արդեն կարող ենք փաստել, որ սողացող ռեւանշը շատ է առաջ գնացել եւ գործող իշխանությունը բաց է թողել դրա թափ առած անիվը միայն իր ուժերով հետ շրջելու հնարավորությունը։

Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է։ Եթե մաֆիան դա եւս մարսի, ապա կանցնի բաց եւ լայնածավալ հարձակման։

Ուստի գործող իշխանությունը հայտնվել է ճամփաբաժանի առաջ՝ սթափվել, դուրս գալ ինքնարբեցումի թմբիրից, ձեռք մեկնել ազգային-ժողովրդավարական ուժերին, նրանց հետ կազմել ազգային համաձայնության կառավարություն եւ ավարտին հասցնել հեղափոխությունը, կամ տապալվել եւ ռեւանշի աղետալի վտանգի առաջ կանգնեցնել իրեն, ժողովրդին ու պետությանը»։