Բարեբախտաբար, տուժածներ չկան, շենքը հոսանքազրկված է, հրդեհը՝ մեկուսացված․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

«Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո ԱԻՆ փրկարարները շատ արագ արձագանքել են: Համակարգված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում շենքում գտնվողները տարհանվել են, տուժածներ չկան»,- դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը:

«Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքը հոսանքազրկված է, հրդեհը մեկուսացված է: Մի որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի և, կարծում եմ, որ ավելի ուշ  մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,-  նշել է Առնո Հարությունյանը։

Վերջինիս ասելով՝ հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը, այրվել են մալուխները: Կարճ միացումը եղել է առաջին հարկում գտնվող էլեկտրավահանակում:

 «Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը: