ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Բունդեսթագի խոսնակն այս քայլը բացատրել է՝ վկայակոչելով դաշնային կառավարության գնահատականը։

«Այս գնահատականը հանգեցրեց նրան, որ, ի թիվս այլոց, Ռուսաստանի Դաշնությա և Բելառուսի դեսպանները չհրավիրվեցին», – ասել է խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ է նշվում այդ գնահատականում։

Այլ դեսպանատների ներկայացուցիչներ կմիանան գերմանացի օրենսդիրներին Բունդեսթագի լիագումար պալատում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում կնշվի պատերազմի ավարտը և դրա հետ մեկտեղ՝ Եվրոպայում նացիստական ​​Գերմանիայի բռնությունների և ցեղասպանության արշավի ավարտը:

Բեռլինում Ուկրաինայի դեսպանատան խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանն, «իհարկե», մասնակցելու է միջոցառմանը, և ողջունել է Բունդեսթագի՝ Ռուսաստանի դեսպանին չհրավիրելու որոշումը։

Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատները չեն արձագանքել Reuters-ի համապատասխան հարցմանը։

Այնուամենայնիվ, Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևն ապրիլի 16-ին մասնակցել է Զելով քաղաքում կայացած զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ չնայած Գերմանիայի արտգործնախարարությունն ավելի վաղ խորհուրդ էր տվել նման արարողություններին չհրավիրել ՌԴ ներկայացուցիչներին, քանի որ վերջիններս հաղթանակի 80-ամյակի միջոցառումներն «օգտագործում են քարոզչության նպատակով»: Զելովի միջոցառմանն, ըստ Reuters-ի, մասնակցել են նաև Բելառուսի և Ղազախստանի դեսպանատների ռազմական կցորդները։

Ապրիլի 16-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Հիտլերի դահիճների գաղափարական ժառանգների և անմիջական սերունդների» կողմից հաղթանակին նվիրված հոբելյանական միջոցառումներից ռուս և բելառուս դիվանագետներին բացառելու գաղափարը «բացահայտ վիրավորանք» է։

–00—ԱՀ