Մինսկում մարշալ Բաղրամյանի պատվին դպրոց է անվանակոչվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Բելառուսի մայրաքաղաքում հայ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ևս երկու զորահրամանատարների՝ գեներալ Գեորգի Զախարովի և մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկիի անվան դպրոցներ են բացվել։ Այդ արարողության համար ապրիլի 15-ին Մինսկ են ժամանել Հովհաննես Բաղրամյանի թոռներ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Настаўніцкая газета» պարբերականը։

Ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվանակոչվել է Մինսկի թիվ 148 դպրոցը։ Բացի այդ, նշվել է, որ Մինսկի Սևեռնի Բերեգ միկրոշրջանի փողոցներից մեկը նույնպես կանվանակոչվի ի պատիվ Հովհաննես Բաղրամյանի։

«Մեր զորավարներին հիշում են, նրանց անուններով անվանակոչում են դպրոցներ, փողոցներ, այգիներ։ Սա խոսում է այն մասին, որ նրանց հիշատակը կենդանի է, և որ երիտասարդ սերունդը ծանոթ կլինի Հայրենական մեծ պատերազմում հաղթած հերոսների անուններին», – Իվան Բաղրամյանի խոսքերն է մեջբերում «Բելառուս ՌՏՌ» պարբերականը։

«Չորս ռազմաճակատ, մեկ հաղթանակ» նախագծի շրջանակներում զորահրամանատարների թոռները Մինսկում են անցկացնելու մի քանի օր։ Ապրիլի 16-ին նրանք այցելել են Չեռնյախովսկիի անվան թիվ 11 գիմնազիա և Բելառուսի ԳԱԱ պատմության ինստիտուտ, որտեղ կայացել է կլոր սեղան միջոցառում՝ նվիրված «Բագրատիոն» գործողությանը։

«Բագրատիոն» գործողությունը, որն իրականացվել էր խորհրդային զորքերի կողմից 1944 թվականի հունիսի 23-ից օգոստոսի 29-ը, ավարտվել է նացիստական Գերմանիայի «Կենտրոն» բանակային խմբավորման պարտությամբ և Բելառուսի ազատագրմամբ: Գործողությունն իրագործում էին խորհրդային չորս ռազմաճակատներ, որոնցից մեկի հրամանատարը Հովհաննես Բաղրամյանն էր:

–00–ԱՀ