«Արցախցիներ և հայաստանցիներ» շեշտադրումը ազգային միասնությունը խաթարելու վտանգավոր վարքագիծ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Ներկայիս իշխանական խմբակի ղեկավարի հայտարարությունը, թե «ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», ըստ էության, քաղաքական օրակարգի շրջանակը «նսեմացնելու» փորձ է՝ բացառելով մի թեմա, որը ոչ միայն պատմական, այլև ռազմավարական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ 

Այս և նման հայտարարությունները միտված են արհեստականորեն մարգինալացնելու այն հասարակական-քաղաքացիական շարժումը, որը ձեռնարկել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը»։

«Արցախցիներ և հայաստանցիներ» հակադրության շեշտադրումը, որը նկատվում է իշխող շրջանակների հռետորաբանության մեջ, ազգային միասնությունը խաթարելու վտանգավոր և միևնույն ժամանակ գիտակցված ու միտումնավոր վարքագիծ է։ Դրանով իշխանությունը Արցախցիների պայքարը փորձ է անում ներկայացնել որպես ինչ-որ տեղային կամ նույնիսկ նեղ հասցեական բողոքի ակցիա՝ միտումնավոր անտեսելով այն փաստը, որ Խորհրդի առաջադրած պահանջներն ունեն համահայկական ու համաժողովրդական նշանակություն։ Այս պահանջները վերաբերում են մեր բոլորի հիմնարար իրավունքներին և հավասարապես կարևոր են մեր ամբողջ ժողովրդի համար՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից։

Քաղաքական տեսանկյունից Խորհրդի գործողությունները կարող են դիտվել որպես ազգային ուղղվածություն ունեցող օրակարգ ձևավորող կարևոր նախաձեռնություն: Սա պարզապես արձագանք չէ առկա խնդիրներին, այլ ազգային շահերի համակարգային ըմբռնման և ներկայացման փորձ՝ իշխանություններին քաղաքական և իրավական պահանջի ձևաչափով։ 

Խորհուրդը, հանդես գալով ժողովրդավարական ավանդույթների շրջանակներում՝ հրապարակային ակցիաներով և կոչերով, փաստացի վերադարձնում է «ժողովրդի կամքի» հասկացությունը իրական քաղաքականության դաշտ։ Սա համաժողովրդական մոբիլիզացիայի օրինակ է, որի նպատակն է հիշեցնել իշխանություններին իրենց հիմնական գործառույթի մասին՝ պաշտպանել բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ամենախոցելի վիճակում գտնվողների շահերը։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան հստակ և մարդու հիմնարար իրավունքների վրա ընդգծված ազգային օրակարգը պատճառաբանվում կամ վարկաբեկվում իշխանությունների կողմից։ Պատասխանը մեկն է․ իշխանությունների մոտ պետական-քաղաքական մտածողությունը վաղուց փոխակերպվել է պրագմատիկ սեփական և/կամ արտաքին երրորդ կողմերի շահերի և նպատակների՝ ազգային շահերից վեր դասելուն։ 

Խորհրդի կողմից հստակ, կառուցվածքային և իրավաբանորեն հիմնավորված օրակարգ սահմանելը էական մարտահրավեր է ներկայիս կառավարության համար, քանի որ նա ստիպված է կա՛մ ընդունել այս օրակարգը և կատարել այն, կա՛մ ցույց տալ մերժում, որն իրականում նշանակում է խուսափել իր առաջնային գործառույթի կատարումից։ Այս համատեքստում իշխանությունը կանգնած է ոչ միայն քաղաքական գործողությունների երկընտրանքի առջև, այլև՝ հասարակության աչքում վերջնականապես իր իշխանության լեգիտիմության վերջին փշրանքները կորցնելու իրական վտանգի առջև։

Ահա այստեղ է, որ մենք բոլորս անելիք ունենք․ մենք պարտավոր ենք հանրային ընկալման մեջ Խորհդի առաջ քաշված ՏԱՍՆԵՐԿՈՒ կետերից բաղկացած կոչ-պահանջը դարձնել յուրաքանչյուրինս և բոլորինս՝ միաժամանակ»։

–00—ՅՄ