Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Հեռավոր 1921 թվականին Ավետիք Իսահակյանին ուղղված նամակում Հովհաննես Թումանյանը գրում է․ «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է․․․ Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ՝ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում՝ չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։»։

Այս մտքերը, ցավալիորեն մարգարեական են, քանի որ պատմության անիվը պտտվելով դրանց մատուցում է իրենց ժամանակից 100 տարի անց էլ նույն կերպ արդիական։

Դրանք այսօր էլ հնչում են որպես դառը նախատինք՝ ուղղված հասարակությանը, որը, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա, երկրի կործանման համար կրում է հավաքական պատասխանատվություն։ Ոչ միայն արտաքին հանգամանքներն են մեղավոր, այլև առաջին հերթին հենց ժողովուրդը, հանրությունը՝ նրանք, ովքեր իրենց գործողություններով կամ անգործությամբ թույլ են տվել բարոյական, հոգևոր ու սոցիալական անկում։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աղետների մեջ ներգրավվածների մոտ սխալների անգիտակցությունը, ամոթի ու զղջման զգացումի բացակայությունը պրոյեկտվում է այսօրվա իրողությունների վրա, երբ քաղաքական գործիչների, էլիտաների և հենց հասարակության մոտ անձնական պատասխանատվության տոտալ բացակայություն է տիրում։ Սխալներն ուղղելու և արժեքները վերակենդանացնելու ցանկության փոխարեն գերակշռում է ցինիզմը, անտարբերությունը, անձնական շահի ձգտումը։

Հովհաննես Թումանյանի այս մտքերը պարտավոր ենք ընկալել որպես ավելի խորը ինքնաճանաչման կոչ, պետական կյանքում սեփական դերի նկատմամբ սթափ հայացք, կորցրած բարոյականության, հոգևոր հիմքերին վերադառնալու անհրաժեշտության մասին մտածելու հրամայական: Թումանյանի խոսքը պարզապես դատապարտում չէ․ նրա խոսքերը նպատակ ունեն յուրաքանչյուրի մոտ արթնացնել պատասխանատվության զգացում` պատասխանատվություն ոչ միայն սեփական արարքների, այլև հայրենի երկրի ճակատագրի համար»:

–00—ՅՄ