Արին Բերդի փողոցում ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում. վարորդները դժգում են Ավինյանից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

.

Shamshyan.com-ը հայտնում է, որ արդեն տևական ժամանակ, բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու պահանջում են, որպեսզի վերջապես Երևանի քաղաքապետարանը պատասխանի, թե երբ են իրենց խոստացած գործը կատարելու:
 
Այսօր վարորդները նշել են. «21-րդ դարում ենք ապրում, բայց ասես քարե դարում լինենք: 5-6 տարի է՝ «Տեցի կռուգ»-ից դեպի Արին Բերդի փողոց գնացող մոտ 1,5-2 կմ-անոց ճանապարհահատվածն ասես մեր գլխին փորձանք լինի: Առանց չափազանցության՝ ամեն սանտիմետրում փոսեր են, որոշ հատվածներում էլ՝ «մարդաբոյ»: Ամեն օր ավտոմեքենաներ ենք ջարդում, գույքահարկը վճարում ենք կանոնավոր, բայց փոխարենը որակյալ ճանապարհին կարոտ ենք մնացել: 

Էդ անտերը երազում էլ չենք տեսնում. թե՛ արթուն, թե՛ քնած՝ էս քանդած ճանապարհն ենք տեսնում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուզում ենք հիշեցնել իր քարոզարշավի հիմնական կարգախոսը՝ «ասեք, կանենք». մեռանք ասելով, մեռանք գրելով, բայց՝ ձայն բարբառո հանապատի: 

Հարգելի՛ չինովնիկներ, գուցե ձեր քունքին հաճելի է, որ ամեն անգամ փոսը ընկնելիս մենք ձեզ, չակերտավոր ասած, ամենաքաղցր, իսկ եթե ճիշտ՝ ամենավերջին խոսքերն ենք ուղղում: Ամոթն էլ լավ բան է: Եթե ձեր պարգևներից մի փոքր ուղղեք՝ էս ճանապարհը ասֆալտապատելուն, հաստատ կարժանանաք վարորդների, ինչու չէ՝ նաև քաղաքացիների օրհնանքին:
 
Էլ չենք ասում, որ երբ եղանակն անձրևում է, փոսերը դառնում են արհեստական լճակներ, արտաքին լուսավորման մասին էլ խոսք չկա, գիշերը պիտի մոմ վառես, որ անվտանգ անցնես էդ ճանապարհով: Նույնիսկ մի անգամ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը: Խոստացան, թե ճանապարհը բացեք, ամիսների ընթացքում գործը գլուխ կբերենք. էս 3-4 տարի է՝ ասես ջայլամի քաղաքականություն վարեք: Առաջիկայում ընտրութւուններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզնից ձայներ խնդրելու: Էդ ժամանակ կստանաք մեր պատասխանը, իսկ պատասխանը հստակ է, որ հայտնի ֆիլմի հերոսի նման՝ «Դիփունքը խաբում ին»»:

Փոսերն այնքան շատ են, որ երբեմն վարորդները չուզենալով ավտոմեքենաները փախցնում են փոսերից ու ստիպված երթևեկում են հանդիպակաց, ինչը կարող է դառնալ ավտովթարների պատճառ: 


--00--ԱՀ