Պաշտոնական Անկարան հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը և ժխտել Ցեղասպանության իրողությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Թուրքիայի-ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։

Պաշտոնական Անկարան հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերն ու ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը։

«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները, որոնք արվել են որոշակի արմատական շրջանակների բավարարելու համար։ Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձություններն օրինական քննարկման առարկա են։

Պատմության վերաբերյալ այս կողմնակալ և մասնակի հայտարարությունները խաթարում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերը և խրախուսում արմատական խմբերին՝ ատելության հիմքով հանցագործություններ կատարել»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում «բոլոր կողմերին աջակցել համատեղ պատմական հանձնաժողովի թուրքական առաջարկին և հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը նախաձեռնվել է Հայաստանի հետ»։

--00—ՅՄ