Թբիլիսյան խճուղում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ պահածոների գործարան է այրվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ պահածոների գործարան է այրվում: Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

12 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր և շարունակում են մեկնել:

Այս պահին տուժածների մասին տեղեկություն չկա:

Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը»։

--00—ՅՄ