ԱՄՆ սենատը քննարկում է Starlink-ի արբանյակներն անջատելու Մասկի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

մար

ԱՄՆ Սենատը հետաքննություն է սկսել այն պատճառով, որ Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկը 2022 թ․-ին մերժել էր ուկրաինական իշխանությունների խնդրանքը և Ղրիմում չէր ակտիվացրել Starlink արբանյակային կապի ծառայությունը, որը պետք է օգներ հարվածել Ղրիմի ափի մոտ գտնվող ռուսական ռազմանավերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդը հայտարարել է, որ Starlink-ի օգտագործման մասին զեկույցներն «ազգային անվտանգության պարտավորությունների լուրջ խնդիրներ են բացահայտում, և հանձնաժողովը զբաղվում է այս հարցերով»։

«Հանձնաժողովն ինտենսիվորեն հետաքննում է այս հարցը բոլոր տեսանկյուններից», - Ռիդի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը:

Նա նշել է, որ հանձնաժողովը կքննարկի արբանյակային ավելի լայն շուկաները, պետական ​​պայմանագրերը և «Մասկի ու նրա ընկերության հսկայական դերն այս հարցում»:

«Երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, ո՛չ Մասկը, ո՛չ էլ որևէ այլ մասնավոր քաղաքացի չի կարող վերջին խոսքը ասել», - ասել է Ռիդը:

Օրերս Իլոն Մասկը հայտարարել էր, որ մերժել է Starlink արբանյակային կապի ծառայությունն ակտիվացնելու Ուկրաինայի խնդրանքը հակառուսական պատժամիջոցների պատճառով։

«Ամերիկյան պատժամիջոցները տարածվում են նաև Ղրիմի վրա, և մենք իրավունք չունենք կապը միացնել պատժամիջոցների տակ գտնվող երկրի համար՝ առանց կառավարության հստակ թույլտվության», - բացատրել է Մասկը։

Ըստ միլիարդատիրոջ՝ Ուկրաինայի կառավարությունը խնդրել է կապը միացնել «գիշերվա կեսին», իսկ Մասկը ասել է, որ դա «Փերլ Հարբորի տիպի հարձակում է Սևաստոպոլում ռուսական նավատորմի վրա»։

«Ուկրաինան մեզ խնդրում էր դառնալ պատերազմական խոշոր գործողության մասնակից․․․ Եթե ես ստանայի նախագահի հրահանգը՝ միացնել այն, ապա կանեի դա», - նշել է Մասկը։

--00—ԼՀ