«Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1

Նորաբաց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

«Կարծում եմ յուրաքանչյուր պետության առաջխաղացման գրավականը նրա մարդկային, մտավոր ռեսուրսն է, և մենք փորձելու ենք այդ մտավոր ռեսուրսը տարբեր ձևաչափերով համախմբել և այն օգտագործել՝ հանուն պետության զարգացման: Այնպես չէ, որ այդ ռեսուրսը չկա, այն կա, սակայն մենք փորձելու ենք շարունակական կերպով բացահայտել նորերին»,- նշեց նա:

Մովսիսյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունը պետք է լինի երկրի մտավոր ներուժը համախմբողը՝ անկախ տարբեր հայացքներից:

«Չկա ուրիշ զարգանալու ճանապարհ, քան երկխոսելը, ինչքան էլ որ դա երբեմն կարող է ականջահաճո չլինել: «Օրբելի» կենտրոնը ստեղծվում է ամուր հիմքերի վրա: Այստեղ ներգրավված են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորավանք» հիմնադրամի փորձագիտական շրջանակները: Մենք զարգացման երկարատև ծրագրեր ունենք, «Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Մենք պետք է ներկայացված լինենք արտերկրյա հարթակներում և դրանով իսկ ավելի ներկայանալի դարձնենք Հայաստանն աշխարհում»,- հայտարարեց Հովհաննես Մովսիսյանը:

Նա հայտնեց, որ կենտրոնը նախաձեռնելու է նաև միջազգային համաժողովներ, որտեղ քննարկվելու են ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային կարևորության հարցեր:

Իսկ առաջին համաժողովը մեկնարկելու է վաղը՝ մարտի 28-ին: «Հայաստանը փոփոխությունների շեմին» անվանմամբ համաժողովին, որին մասնակցելու են մի շարք պաշտոնյաներ, հայ և արտասահմանցի փորձագետներ, այստեղ քննարկվելու են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները, նախադրյալներն ու ընդհանուր արձագանքները, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները:

«Սա սկիզբն է: Մի շարք ծրագրերով փորձելու ենք մեր ծրագրերում ներգրավել տարբեր շրջանակների: Կհամարեմ նախաձեռնությունը հաջողված, երբ հասնենք մի այնպիսի փուլի, երբ կենտրոնի գործունեությունը չասոցացվի օրվա իշխանությունների հետ: Մեր վերլուծական աշխատանքներն ուղղված են հարցերի և խնդիրների օբյեկտիվ վերհանմանը»,- ասաց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

«Օրբելի» կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: