Նախագահը պետք է հանձնվի, խորհրդարանը՝ ցրվի․ Ալիևը սպառնացել է Արցախի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ալիև-1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։

Նա նշել է, թե միջազգային կառույցները «գրեթե ամբողջությամբ սատարում են» Ադրբեջանի դիրքորոշմանը, համաձայն են այդ դիրքորոշման հետ, որովհետև «դա ճիշտ դիրքորոշում» է և քանի որ Ադրբեջանը «ոչ մի պարագայում չի զիջում իր դիրքերը»։

«Այդ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում ո՛չ անկախության (Արցախի-խմբ․), ո՛չ ինքնավարության մասին։ Ուղերձները, որոնք մենք վերջին ժամանակներս ստանում ենք, այսպիսին են․ «Իսկ ի՞նչ կլինի այնտեղի ղեկավարության հետ, նրանց վրա համաներում կտարածվի՞»։ Ես պատասխանում եմ՝ դրա շուրջ պետք է մտածել»,- հայտարարել է Ալիևը, ապա հնչեցրել, իր իսկ ձևակերպմամբ, այն «պայմանները», որոնց դեպքում Արցախի իշխանությունների նկատմամբ իրենք «զիջումների կգնան»։

«Բոլորը գիտեն, որ այսօր այդ տարածաշրջանում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ (ռազմական-խմբ․) իրականացնելու համար։ Այդ պատճառով խորհրդարանը (Արցախի-խմբ․) պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները  պետք է հեռացվեն պաշտոններից։ Միայն այդ դեպքում մենք նրանց նկատմամբ զիջումների կգնանք։ Միայն այդ դեպքում խոսք կարող է գնալ համաներման մասին»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։

--00—ՅՄ