Վերջին զանգի «նվեր» Հայաստանի ամերիկյան համալսարանից 

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

ՀԱՀ

Մայիսի 26-ին հայաստանյան դպրոցներում նշվում էր վերջին զանգը, և ահա Հայաստանի Ամերիկյան համալսարանը որոշել է յուրահատուկ «նվեր» մատուցել իր դիմորդներին: Յուրաքանչյուր աշակերտի համար առանձնահատուկ այդ օրվա նախօրյակին հարյուրավոր դիմորդների ուղարկվել է «նամակ-ավետիս» առ այն, որ նրանք չեն ընդունվել, և նամակի վերջում երևի ամերիկյան լայն ժպիտ:

Մանկավարժական տարրական հոգեբանությունը հուշում է, որ 17-18 տարեկան աշակերտների համար առանձնահատուկ օրը հասցված ստրեսը կրկնապատիկ է լինում, և այդ պրիմիտիվ գիտակցումը չունենալը Հայաստանի Ամերիկյան համալսարանի լրջագույն բացն է, որն անպայման հարված է հասցնելու վերջինիս հեղինակությանը:

Ամերիկյան համալսարանի համապատասխան պաշտոնյաները և պատասխանատուները կարիք ունեն մանկավարժության հոգեբանություն առարկայի ոչ թե վերապատրաստման, այլ սկզբնական գիտելիքների սովորելու, ինչը նրանց թույլ կտա հասկանալ, որ հատկապես բացասական պատասխաններ դեռահաս դիմորդներին վերջին զանգի օրը կամ նախօրյակին չեն ուղարկում:

Իսկ այս տարվա դպրոցների հարյուրավոր շրջանավարտներ իրենց հանդեսին Թաթայի հայտնի երգի մոտիվներով գնացել էին ոչ թե «մի քիչ թաց աչքերով», այլ շատ ավելի թաց աչքերով, և դա նրանց համար ապահովել էր Հայաստանի Ամերիկյան համալսարանը. յուրահատուկ ամերիկյան «նվեր»:

 --00—ՍՊ