Շուտով մեր շուրջ նոր պետություններ կարող ենք տեսնել. Հարավային Կովկասում անկայունությունը կխորանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Բանակցային գործընթացը տապալվել է մինչև պատերազմը, այն թեզերը, որոնք Հայաստանի իշխանություններն առաջնային էին համարում, իրականում հանգեցրեցին իրավաքաղաքական, հետո արդեն՝ ռազմական փակուղու: Ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ մենք այլևս իրավունք չենք ունենում Արցախի նկատմամբ, կարող ենք միայն միջազգային հանրությանը կոչ անել, բայց իրավական տեսանկյունից ՀՀ-ն իրեն դուրս է դնում Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունից: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Մելիքյանի համոզմամբ, Ալիևի պատմական դարաշրջանը մոտենում է ավարտին, այդ են թելադրում տարածաշրջանային զարգացումները և այն գլոբալ նպատակները, որոնք առկա են այսօր որոշում կայացնող ուժային կենտրոնների մոտ, իսկ Արցախի ճակատագիրը կախված կլինի մի շարք հանգամանքներից, նաև այդ ժամանակ ՀՀ իշխանության որակից:

«Այս պահին կնքված ոչ մի թուղթ երկար կյանք չի ունենա, դա կապված է գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ու նպատակների հետ, Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջանում անկայունություն է, որը ոչ միայն պահպանվելու է, այլև խորանալու է, շուտով հնարավոր է՝ մեր շուրջ նոր սահմաններ և նոր պետություններ տեսնենք: Աշխարհը փոթորկված է, այն հարվածել է մեզ, մեր վրայով կանցնի, մենք կմնանք, բայց շատերին իր հետ կտանի, ուստի, պետք է վերգտնել ներքին համերաշխությունը»,-ավելացրեց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ