Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

2023-5-25-20-33-55-750x375

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկում Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։ Ի վերջո, սա Մխիթարյանի առաջին «իսկական» գավաթն էր թոփ 5-ում։

Armsport-ն անդրադարձել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ինտերի» հաղթանակին և Մխիթարյանի՝ կարիերայի ընթացքում ունեցած նվաճումներին։

Մխիթարյանի տիտղոսները` եվրոպական թոփ 5-ում․ առաջին կանգառը՝ Դորտմունդի «Բորուսիա», 3 պարտություն գավաթի եզրափակիչում և հաղթանակ Սուպերգավաթում

ֆհֆռղ

Հենրիխ Մխիթարյանը 2013 թվականի ամռանն սկսեց իր ճանապարհը եվրոպական թոփ 5 լիգաներում՝ տեղափոխվելով Գերմանիան ներկայացնող Դորտմունդի «Բորուսիա»։ Նույն թվականի հուլիսի 27-ին կայացած Գերմանիայի Սուպերգավաթի խաղում դորտմունդցիները հաղթեցին «Բավարիային» 4։2 հաշվով (որոշ վիճակագրական կայքերով` ներառյալ ֆուտբոլիստի պաշտոնական կայքը, Մխիթարյանը համարվում է այդ տարվա սուպերգավաթակիր, սակայն նա հանդիպմանը չի մասնակցել և ընդգրկված չի եղել խաղի հայտացուցակում,- խմբ․)։

2014 թվականի մայիսի 17-ին Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակիչում պարտվեց Մյունխենի «Բավարիային»՝ զիջելով լրացուցիչ ժամանակում (0:2): Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին։

2014 թվականի օգոստոսի 13-ին հայ ֆուտբոլիստը նվաճեց իր առաջին տիտղոսը դորտմունդյան թիմի հետ․ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթեց նույն «Բավարիային»։ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ։

2015 թվականի մայիսի 30-ին Դորտմունդի «Բորուսիան» նորից պարտվեց Գերմանիայի գավաթի եզրափակիչում՝ այս անգամ 1։3 հաշվով զիջելով «Վոլֆսբուրգին»։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։

2016 թվականի մայիսի 21-ին Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ։ Տվյալ խաղարկության բոլոր փուլերում էլ, սակայն, հաջողությունը չուղեկցեց հայ ֆուտբոլիստին։ Դորտմունդյան թիմը հետխաղային 11 մետրանոցներով պարտվեց «Բավարիային»։ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 120 րոպե։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի գավաթի խաղարկություններում Հենրիխ Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել, որից 15-ը մեկնարկային կազմում։ Հայ ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկապես վառ է ստացվել Մխիթարյանի համար Գերմանիայի գավաթի 2015-16 թթ․ խաղարկությունը, որի բոլոր փուլերում, բացառությամբ եզրափակիչի, Հենրիխը դարձել է գոլի հեղինակ (5 խաղ՝ 5 գոլ)։

Երկրորդ կանգառը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 3 տիտղոս՝ Անգլիայի Սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ և Եվրոպա լիգա

հըֆհռ

2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և արդեն օգոստոսի 7-ին թիմի հետ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։ «Լեսթերի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման մտավ 90+3-րդ րոպեին։

2016-17 թթ․ մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց «Չելսիին»։ Մինչ քառորդ եզրափակիչ հասնելը ՄՅՈւ-ն 4 փուլ էր անցել, որոնցից Մխիթարյանը մասնակցել էր 3-ին և դարձել 1 գոլի հեղինակ («Ուիգանի» հետ խաղում)։

Նույն մրցաշրջանում արդեն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ եզրափակիչ։ Այս մրցաշարում Մխիթարյանը 2 խաղ բաց թողեց վնասվածքի պատճառով, 1 անգամ ընդգրկված չէր հայտացուցակում, 1 անգամ էլ մնաց պահեստայինների նստարանին։ Ընդհանուր առմամբ, հայ կիսապաշտպանը մասնակցեց 2 խաղի և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի փետրվարի 27-ին, Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին, սակայն մանչեսթերյան թիմի կազմում նվաճեց իր երկրորդ տիտղոսը։

ֆցհնյցգֆն

Այդ մրցաշրջանը փառահեղ ավարտ ունեցավ Մխիթարյանի համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ Հենրիխը դարձավ գոլի հեղինակ։

2017-18 թթ․ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկական հանդիպում անցկացրեց Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություններում, իսկ 2018 թվականին տեղափոխվեց «Արսենալ»։

Երրորդ կանգառը՝ «Արսենալ»․ առանց տիտղոսների

ֆհնֆհ

2017-18 թթ․ մրցաշրջանում «Արսենալը» հասավ մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց ապագա չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին»։

«Արսենալում» տիտղոս նվաճելու միակ իրական շանսը 2018-19 թթ․ մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկությունում էր, երբ Մխիթարյանը «Զինագործների» հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ, ցավոք չխաղաց, քանի որ հանդիպումը նշանակված էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ «Արսենալը» պարտվեց «Չելսիին» 1։4 հաշվով։

2019 թվականի սեպտեմբերին Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ