ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու Կույվաշևը քննարկել են հայ համայնքին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

rd despan

Մայիսի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Եկատերինբուրգում հանդիպում ունեցավ Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական և հումանիտար-կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման ներուժը:

Նշելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ Վ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը՝ տեղի հայ համայնքին բազմազգ և բազմակրոն տարածաշրջանում ազգային ինքնության պահպանման համար ընձեռված հնարավորությունների համար: Դեսպանն ընդգծել է հայ համայնքի կարևոր դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Վ.Հարությունյանին ներկայացվել է նաև «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագծի մտահղացումը, որը նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի հետ Հայաստանի մշակութային կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Ե.Կույվաշևը հայտարարել է, որ Սվերդլովսկի մարզում ուրախ կլինեն 2023 թվականի օգոստոսին Եկատերինբուրգում կայանալիք համալսարանական սպորտի միջազգային փառատոնի մասնակիցների թվում տեսնել Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակությանը:

--00—ՍՊ