ՆԳՆ-ում քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ռազմավարական նոր մոտեցումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նգն

Մայիսի 10-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության /USAID/ Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրենի տեղակալ Էնդրյու Գոլդային և ծրագրի մասնագետ Աստղիկ Գրիգորյանին։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության իրականացրած հսկայածավալ հետազոտությունների և քննարկումների արդյունքում լրամշակված աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման՝ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ոլորտում զարգացման հնարավոր ուղղությունների առավել չափելի և հստակ ստանդարտներ:

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը հյուրերին ներկայացրել է փրկարար ծառայության կողմից անցկացվող սեմինար պարապմունքների և դասընթացների կարևորության, դրանց ընթացքում փորձի փոխանակման դերի ու նշանակության մասին։

Խոսելով թեմայի շուրջ՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ ՀՀ ՆԳ նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին։

Քննարկման շրջանակներում USAID-ին պատրաստակամություն է հայտնել ոլորտում հնարավոր աջակցության և առաջընթացի գրանցման ուղղությամբ։

Արփինե Սարգսյանն ու Կամո Ցուցուլյանը անդրադաձել են նաև Հայաստանում փրկարար ծառայության ոլորտում կամավորական ջոկատների գաղափարների իմպլեմենտացմանը, որպես ռազմավարության ուղղություն համայնքների կարողությունների հզորացմանը, աղետների ռիսկերի վերաբերյալ բնակչության շրջանում թիրախային իրազեկման աշխատանքներին։ Որպես առանձին ուղղություն մատնանշվել է քաղաքաշինության ստանդարտների փոփոխություններն ու աղետների ռիսկերի ոլորտում ապահովագրության ինստիտուտի անհրաժեշտությունը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է ինստիտուցիոնալ փոփոխությունների և դրանց ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման մասին։

Հյուրերին ներկայացվել է նաև աղետների և ճգնաժամային իրավիճակների ընթացքում մեկ կետից կառավարման հնարավորությունը։

Հանդիպմանը քննարկվել են ՆԳՆ փրկարար ծառայությանը վերաբերող այլ հարցեր։

--00—ՍՊ