Ադրբեջանի գործողությունները խոսում են ԼՂ-ում էթնիկ զտումների նախապատրաստության մասին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Այն, ինչ ներկայում Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ,  էթնիկ զտման գործընթացի նախապատրաստում է։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պրահայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։ 

Քննարկման մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային իրավիճակը` Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրի դրույթները։ Արդեն մի քանի ամիս է` արգելափակել է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը դա անում է՝ անտեսելով միջազգային դատարանի որոշումը։

«Չնայած միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանն ապօրինաբար տեղադրեց անցակետ Լաչինի միջանցքում` այս գործողություններով խախտելով ազատ տեղաշարժի իրավունքը։ Խափանում է բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։ Մենք սրանք առանձին գործողություններ չենք դիտարկում, այլ նախապատրաստություն է էթնիկ զտումների։ Անհրաժեշտ է, որ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղղվի Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հասցեական գնահատականներ տա։ 

Չնայած բոլոր դժվարություններին, ըստ վարչապետի, տարածաշրջամում խաղաղությունն այլընտրանք չունի։



--00—ՍՊ