Ոգևորվելով իրենց անպատժելիությունից՝ քպ-ականները սկսել են նախաքննական մարմիններին ուղղորդել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

սեյրան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի անձնական սեփականություն հանդիսացող ՔՊ խմբակցության անդամները, փորձելով արդարացնել իրենց կողմից անդադար իրականացվող հանցավոր սադրանքները, հերթական անգամ մանիպուլացնում են հասարակությանը` դեղին մամուլին բնորոշ ոճով խեղաթյուրելով իրականությունը։

Երեկվա «քստմնելի սադրանքով» պայմանավորված` դրսից տարբեր միջոցներով հրահանգավորվողները փորձում են հասարակությանը կերակրել իրենց սին և լկտի ստերով. միջադեպն ընդամենը արդյունքն է նրա, որ քաղաքական

մեծամասնությունը ոչ միայն չդատապարտեց Ազգային ժողովում իր ներկայացուցիչների նախկինում թույլ տված հանցավոր գործողությունները, այլև օգտվելով իրավապահ համակարգում իրենց լծակներից, ըստ էության, արգելեց դրանց քրեաիրավական գնահատումը հետևանքներով հանդերձ: Ավելին, նման երկակի ստանդարտների կիրառումից զատ, քաղաքական ամենաբարձր մակարդակով այս իշխանությունը խրախուսեց իր անդամների կողմից խուլիգանական պահվածքը, Ազգային ժողովի մեծամասնության կողմից իշխանազանցման և օրենքների խախտման, պատգամավորների միջև միջանձնային հարաբերությունների և կարգավիճակով պայմանավորված էթիկայի խախտման դեպքերը, ինչի արդյունքն էլ տեսնում ենք բոլորս:

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու։

Եվ հիշեք, որ չկա հավերժական «ոչինչ», հետևաբար ոչ մի սադրանք և դրա կազմակերպիչ անպատիժ չեն մնալու»։

--00—ՍՊ