Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության տարածքային բաժիններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունավետ էր Արագածոտնի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացատրական աշխատանքը։ Աշտարակի բաժնում արձանագրվել է որսորդական հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ համայնքային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի։

Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ինչի շնորհիվ Թալինի բաժնում արձանագրվել է ողորկափող հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Ակոսափող հրազենի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Արթիկի բաժնում։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Անիի բաժնի համայնքային ոստիկանները։ Սառնաղբյուր գյուղի մի բնակիչ բաժին էր բերել ողորկափող հրացան ու ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են գնդացիր-ինքնաձիգ ու ռազմամթերք։ Նաիրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Նոր Գեղի գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԼՄ