Տեղի են ունեցել ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցությունները. մասնակցել է նաև Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

 

ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները։ Տեղեկանում ենք շտաբի մամուլի ծառայությունից։

Մարտի 28-30-ին անցկացված բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

2023 թվականին ՀԱՊԿ զորքերի հետ զորավարժությունները կանցկացվեն «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով։ Նշվում է, որ սա կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ վարժանքների անցկացման գաղափարների հիմունքները, զորավարժություններում ներգրավված հրամանատարավերահսկիչ մարմինների և զորքերի կազմը, ղեկավարության կազմակերպման հարցերը, ինչպես նաև համատեղ և հատուկ զորավարժություններին համակողմանի աջակցությունը։

«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում պլանավորվել են համալիր միջոցառումներ։ 

Նաև Բելառուսի Հանրապետության տարածքում նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ՝ համատեղելով ՀԱՊԿ զորքերի տարբեր բաղադրիչների պատրաստումը:

Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության ավարտական փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը:

Ղրղզստանի տարածքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները՝ խաղաղապահ գործողության անցկացմամբ։

--00—ՍՊ