Երբ կրակեցին Բերդաշենի վրա, խաղաղապահներ չկային մոտակայքում, վախեցնում էին, որ հողի վրա գործ չանենք

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

բ

Այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչները խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս են եղել, երբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով քաղաքացիական անձանց և օբյեկտների շրջանում վնասներ չեն արձանագրվել։ Այս մասին 24News-ին ասաց Բերդաշենի գյուղապետ Գեորգի Պողոսյանը։

Խաղողի այգիներում աշխատող 8 բնակիչներից 6-ը կանայք են եղել։ Պողոսյան ասաց նաև, որ աշխատանքերի ժամանակ մոտակայքում խաղաղապահներ չեն եղել։ «Ուզում էին վախեցնել, որ հետագայում էլ աշխատանքեր չիրականացնենք։ Կրակոցներից հետո աշխատանքները դադարեցրել ենք, սակայն հետագայում շարունակելու ենք»,- ասաց Պողոսյանը՝ հստակ ժամկետներ չնշելով։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը,  գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ