Լոռիում իրանցին 8 մետրից ընկել է և սրտի կանգով հոսպիտալացվել․ «Տաշիր» ԲԿ-ի բժիշկները փրկել են նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Մարտի 29-ին «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները մասնագիտական ճշգրիտ աշխատանքի արդյունքում փրկել են քաղաքացու կյանքը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 10։00-ի սահմանում «Տաշիր» ԲԿ-ի շտապօգնության խումբը «պոլիտրավմա, գլխուղեղի փակ վնասվածք, որովայնի ներքին արյունահոսություն, սրտի կանգ» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, նա վիրահատարանում է։ 

«Տաշիր» ԲԿ-ի բժիշկները նախ կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը, ապա մի քանի ժամ կենաց-մահու պայքար են տարել նրա կյանքի համար։ Եվ երբ տեսել են, որ վիրավորը դուրս է եկել օրհասական վիճակից, նրան ռեանիմոբիլով տեղափոխել են «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղից էլ Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են՝ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Մեհդի Բախտիարինն է։

Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 09։40-ի սահմանում, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Նազարյան Քուլինգ Սիստեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինաշխատանքներ կատարելիս մոտ 8 մ բարձրությունից ընկել է ու ստացել նշված վնասվածքները։

Աղբյուրը նաև հայտնում է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ, որի ընթացքում պետք է պարզվի՝ նշված ՍՊԸ-ում աշխատանքային անվտանգության կանոնները պաշտպանվա՞ծ են, թե՞ բարձիթողի վիճակ է։

--00—ԼՄ