Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքաարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը եւ հանքաարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հովհաննես Հարությունյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության եւ Համաշխարհային բանկի միջեւ առկա համագործակցության կարեւորությունը։

Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքաարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում մշակված՝ հանքաարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքի եւ ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաեւ ներկայացրել՝ ՀՀ կառավարության առաջնահերթությունները հանքաարդյունաբերության ոլորտում։

Հանքաարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը եւ հանքաարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը հայտնել են իրենց պատրաստակամությունը ապագա համագործակցության վերաբերյալ՝ կարեւորելով ինստիտուցիոնալ հնարավորությունների եւ կարողությունների զարգացումը։ Նշվել է նաեւ, որ շատ կարեւոր է հանքաարդյունաբերության ոլորտի ընկալումը ոչ միայն բացասական, այլեւ դրական ազդեցությունների առումով։

Պատվիրակությունը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է հանրապետությունում իրականացնել հանքային ներուժի գնահատում եւ վերլուծություն։

Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքաարդյունաբերության ոլորտում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները, կատարված աշխատանքները եւ կարեւորել է պետության եւ մասնավոր սեկտորի միջեւ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է ոլորտում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ միջազգային հաջող փորձերից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնելու եւ զարգացնելու գործում:

--00—ԼՄ