Էրիկ Իսրայելյանը փորձում է, շանտաժ ու մանիպուլյացիա անելով, փող մուրալ․ ԲՖ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

քկ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի քայլերը որակում է շանտաժի միջոցով փող մուրալու միջոց:

Հայտարարությունը՝ ստորև․

«Ցավում եմ, որ Էրիկ Իսրայելյանը մանիպուլյացիոն գործողություններով փող մուրալու գործընթաց է իրականացնում:

Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց չեմպիոն դառնալը դրոշակ դարձրած միայն պահանջներ են ներկայացնում․ դա ստորություն է: Ընդ որում, Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին: Նա իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում:

Ես Եվրոպայի առաջնությունից հետո ցանկանում էի նրա հետ խոսել, բայց իմացա, որ նա ամոթը կորցրել ու իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, մինչդեռ Բուլղարիայում Եվրոպայի առաջնության ժամանակ, մեր թիմը ոչնչի կարիք չի ունեցել, այդ թվում՝ հավելյալ սննդի, անգամ՝ դեղորայքի: Այս և այլ բացասական երևույթներն իմանալով՝ ես չցանկացա խոսել ՝ համարելով դա անիմաստ: Նա պարզապես անուղղելի կերպար է, և փորձում է շանտաժ ու մանիպուլյացիա անելով փող մուրալ և անհեթեթ պահանջներ ներկայացնել: Նա նշում է, որ կհրաժարվի Հայաստանը ներկայացնել, եթե իրեն փող չտան:

Կարծում եմ՝ ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը իսկապես սիրող հայ նման հայտարարություն չէր անի: Էրիկը թող չմոռանա, որ ինքը դեռևս երիտասարդների չեմպիոն է, մինչդեռ շատ ավելի տիտղոսակիր մարզիկներ երբևէ իրենց թույլ չեն տվել նման պահանջատիրական հայտարարություններ անել: Փոխարենը նրանք աչքի են ընկել համեստությամբ, որը գնահատվել է, և նրանք իրենց արժանի պարգևները ստացել են: Վստահեցնում եմ, որ, անկախ ամեն ինչից, ֆեդերացիան Էրիկ Իսրայելյանի համար ավելին է արել, քան պետք էր: Դրա մասին գիտեն նաև բռնցքամարտի աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ»,-ասված է ֆեդերացիայի նախագահի խոսքում: 

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնավորապես ասել էր. «Պետության կողմից հասանելիք գումարներն ինքը ստացել է, քանի որ փոխանցումները կատարվել են բանկով և կտրոնները կան: Այդ գումարներն առձեռն չեն տրվել, այլ բանկի միջոցով: Արվել է ամեն ինչ: Արվել է ամենը, նույնիսկ շատ ավելին: Որպես մարդ էլ եմ օգնել` իմ անձնական կապերն օգտագործելով: Նա ուզում է գնալ երկրից և հավանական է, որ առաջարկ ունի: Հիմա փորձում է տուժածի կարգավիճակ ստանալ: Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ ու գնալ»:

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքում ավելի վաղ գրել էր, որ ԿԳՄՍ-ից չի ստացել 4 մլն 600 հազար դրամ: Ահա նախարարությունը նախօրեին պարզաբանման միջոցով հրապարակել էր այն գումարին կտրոնները, որոնք  ստացել է մարզիկը:

--00—ԼՄ