«Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

artashat-44

Այսօր՝ մարտի 30-ին, կառավարության հերթական նիստում «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշում կայացվեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում:

Միաժամանակ, արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Արգելոցի հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը:

«Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքը ( (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թվականներին և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝Արտաքսատա):

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը:

--00—ՅՄ