Նասկին կառավարության համար ավելի կարևոր է, քան թատրոնը, գործարարի պարտքը ներում է, «Գոյը»՝ փակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Նորանկախ Հայաստանում թատրոնների փակման ցավալի նախադեպեր են եղել՝ «Փոսի» թատրոնը ծախեցին, կերան, Կամերային երաժշտական թատրոնը փակվեց, հիմա հերթը «Գոյինն» է: Քաղաքացին է որոշում, որ թատրոնը պետք է մնա, որը՝ ոչ, թատերական համայնքը պետք է միասնական լինի, որ ինչ-որ չինովնիկներ նման հիվանդ որոշումներ չկայացնեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը։

Խաչատրյանն իր մոտեցումները ներկայացրեց՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ այն որոշմանը, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կկրճատվի, իսկ ստեղծագործական կազմը գործունեությունը կշարունակի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Գոյ» թատերախումբ անունով:

Դերասանի խոսքով, պետական քաղաքականության մեջ մշակույթ հասկացողությունը ցածր տեղում է, մինչդեռ մենք հազարամյակներով մշակույթ ունեցող ազգ ենք: «Երեսուն տարի չի կարևորվել մշակույթը, մշակութային գործիչները գրոշներով պահել են իրենց ժառանգություն հասած արվեստը, Կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի նրանց համար, բայց փոխարենը այն քանդում է: Կառավարությունը ներում է գործարարների պարտքերը, նրանց արտոնություններ տալիս, իսկ «Գոյը» փակում են 3.5 միլիոն դրամի համար, փաստորեն՝ Կառավարության համար նասկիները, մայկաներն ավելի կարևոր են, քան թատրոնը, նրանց պարտք կարելի է ներել, թատրոնի պարտքը՝ ոչ, 3.5 միլիոնն ի՞նչ գումար է, հատկապես, երբ թատրոնի տնօրենը ժամանակ է խնդրում»,- ավելացրեց նա:

Կարեն Խաչատրյանի խոսքով, պատերազմական իրավիճակում ենք գտնվում և այս վիճակում շատ կարևոր է, որ նախարարությունը աջակցի թատրոններին, որ ժողովրդի ոգին զորացնող ներկայացումներ բեմադրվեն, մինչդեռ, հակառակն է արվում: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բեմադրվում էին ժողովրդի ոգին բարձրացնող ներկայացումներ, ֆիլմեր էին բեմադրվում, նկարվում, հիմա մենք պատերազմական իրավիճակում ենք, փոխանակ հերոսական բեմադրություններ արվեն, խոսում ենք խաղաղության ու նվնվոցի մասին, սա մտածված է արվում, որ մենք անընդհատ համակերպվենք թույլի ու խեղճի կարգավիճակին: Հայկական թատրոնները միշտ թուրքերն են փակել այս կամ այն պատճառներով, Բաքվում, Կիրովաբադում ևս հայկական թատրոնը փակվեց, թուրքը միշտ փակել է հայկական թատրոնները, քանի որ վախենում է թատրոնից, որովհետև այն հասարակությանը կրթելու համար լուրջ գործոն է, կարող եմ հստակ ասել, որ հայկական թատրոնը փակողը թուրք է»,-ավելացրեց Խաչատրյանը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ