Ասկերանում բակի բնակիչները կենցաղային հարցի շուրջ վիճել են․ մեկը մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

դատախազություն

2022թ. ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Էդուարդ Միրզոյանը և Էդգար Եդիգարյանը ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող իրենց հատկացված տանը և նույն տան դիմացի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ են մտել Ալբերտ Թորոսյանի և Ռազմիկ Կարապետյանի հետ, որի ընթացքում Է. Միրզոյանի և Է.Եդիգարյանի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներից առաջացած զայրույթից, նախատեսելով գործողությունների հետևանքով ապօրինաբար կյանքից զրկելու իրական հնարավորությունը,  ձեռքերով և տեղում վերցրած փայտի կտորով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ալբերտ Թորոսյանի և Ռազմիկ Կարապետյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ալբերտ Թորոսյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ռազմիկ Կարապետյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Տեղեկանում ենք ԱՀ դատախազության մամուլի ծառայությունից։

Հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 21-ի սահմաններում, նույն տանը նախնական համաձայնությամբ,  նախորդ օրը կատարած սպանությունը թաքցնելու նպատակով, Ռ. Կարապետյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Է. Եդիգարյանը պահելով Ռ. Կարապետյանի ոտքերից, իսկ Է. Միրզոյանը՝ թիկունքից, պոլիէթիլենային տոպրակը հագցնելով Ռ.Կարապետյանի գլխին՝  խեղդել են, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:  Հանցանքը թաքցնելու նպատակով նրանք երկուսի դիակներն էլ թաղել են նշված տան բակում:

Նախաքննության ընթացքում Է. Միրզոյանին և Է. Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ  և 12-րդ կետերով՝ երկու և ավելի անձանց սպանությունը մի խումբ անձանց կողմից և այլ հանցանքը թաքցնելու նպատակով որակյալ հատկանիշներով: 
Է. Միրզոյանի և Է. Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2023թ. մարտի 24-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:

--00—ՍՊ