«Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ժաննա
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների տնօրենների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Քննարկվել են գրադարաններում առկա իրավիճակին, իրականացվող ծրագրերին և խնդիրներին առնչվող հարցեր` կարևորելով գրադարանների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու քայլերը:

Նախարարը նշել է, որ առանձնակի է կարևորում գրադարանների և գրահրատարակչության ոլորտները, և արդեն տեղի են ունեցել այցելություններ որոշ գրադարաններ, ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ. արդյունքում արձանագրվել են ոլորտային մի շարք խնդիրներ: Նախարարն առաջարկել է գրադարանների տնօրեններին՝ ի թիվս այդ խնդիրների՝ հանգամանալից ներկայացնել յուրաքանչյուր կառույցի գործունեության արդյունավետությանը խոչընդոտող հիմնական խնդիրները:

«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են, դրանց մի մասի լուծումները պահանջում են մեծ միջոցներ, օրինակ, հիմնանորոգման, վերանորոգման, գույքային համալրման աշխատանքներ: Կարևոր է ունենալ ամբողջական պատկեր, քանի որ ի թիվս այս խնդիրների առկա են նաև կադրային, գրադարանային գործի մասնագետների վերապատրաստման, գրադարանային ֆոնդերի համալրման և այլ հարցեր: Ձեր դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնելուց հետո կարող ենք ամբողջությամբ գույքագրել առկա խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած գրադարանների կառուցվածքը, գործառույթները, ծրագրերը, միջոցառումները, գրքային ֆոնդերը, ընթերցանության կազմակերպման և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ձևաչափերը, ընթերցողների թվին ու սպասարկմանը վերաբերող տվյալներ, ինչպես նաև այն խնդիրները, որոնց առկայությունը խոչընդոտում են գրադարանային սպասարկման լավարկմանը: Նախարարի առաջարկմամբ՝ ներկաները հանգամանորեն անդրադարձել են նաև «Ընտանեկան գրադարանավար» ծրագրին, որի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գրադարանների գրադարանավարներն այցելում են տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց՝ հնարավորություն ընձեռելով տնային պայմաններում իրացնելու ընթերցանության իրենց իրավունքը:

Ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերում էին մարզային գրադարանների շենքային պայմաններին՝ միջոցառումների դահլիճների և ընթերցասրահների անհրաժեշտությանը, ինչպես նաև գրադարանների տարածքների արդիականացմանը, միջավայրերի նորացմանը, մասնագետների վերապատրաստմանը և այլն:

Նախարարը կարևորել է առկա խնդիրների հանգամանալից դիտարկումը և ընդգծել, որ բարձրացված հարցերն արձանագրվել են, յուրաքանչյուր գրադարանի համար դրանք կվերլուծվեն և կքննարկվեն՝ հնարավոր լուծումները գտնելու նպատակով:

Հաջորդիվ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համայնքային ենթակայության գրադարանների խնդրին և նշել, որ չնայած համայնքային գրադարանները ԿԳՄՍՆ անմիջական ենթակայությունից դուրս են, սակայն բովանդակային առումով դրանք ոլորտի կառույցներ են և այդ ուղղությամբ գերատեսչությունն իր առաքելությունն ունի. «Նախարարությունը տեխնիկական և գրքային ֆոնդերի համալրման նպատակով տարիների ընթացքում իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման ծրագիրը: Սակայն համայնքային գրադարաններին ամբողջական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է մշակել համայնքային գրադարանների վերափոխման, զարգացման, կառավարման նոր մոդել: Շատ եմ կարևորում մարզային գրադարանների և տնօրենների դերը համայնքային գրադարանների զարգացման ու աջակցության հարցում: Վստահեցնում եմ, որ նախարարության համար գրադարանային ոլորտն ունի առաջնային կարևորություն. առկա խնդիրների լուծման բանալին կրթության համակարգում է, և այստեղ է, որ գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում: Այս պատասխանատվության գիտակցմամբ և մեր աշխատանքի որակից է կախված ոլորտի հանդեպ հանրային վերաբերմունքը, ոլորտի հեռանկարն ու ապագան»:

Համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, կառավարման մոդելի մշակման նպատակով նախարարն առաջարկել է գրադարանների տնօրեններին ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ, որոնք կքննարկվեն առաջիկայում:

Նշենք, որ նախարար Ժաննա Անդրեասյանը մարզային շրջայցերի ընթացքում այցելում է նաև գրադարաններ՝ տեղում ծանոթանալու գրադարանների գործունեությանը և խնդիրներին:

--00—ՍՊ