Լաչինի ոչ լիարժեք շրջափակման մասին պոռոտախոսությունը բերեց թշնամու հակազդեցությանը. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Ադրբեջանի կողմից Արցախում առաջխաղացման փորձերի շարունակությունը տեղավորվում է այդ երկրի ֆաշիստական, այլատյաց քաղաքականության տրամաբանության մեջ և ևս մեկ ցուցիչ է, որ անցնող երեք տարիներին Հայաստանի իշխանությունների կողմից հնչող բառախաղերը խաղաղության մասին սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձ են։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

«Ադրբեջանն ամեն օր ավելի է լկտիանալու, քանի դեռ հակազդեցություն չի ստացել, քանի դեռ հակահայ, հակաարցախյան գործողություններին հաջորդում է Հայաստանի կողմից Բաքվի ու Ստեփանակերտի միջև սկսել ուղիղ երկխոսություն։ Քանի դեռ Բաքուն տեսնում է, որ ինքը դեմ դիմաց կանգնած է միայն Արցախի դեմ, փորձելու է բարոյական ու ռազմական ճնշում գործադրել», - նշեց նա։

Ըստ Մանուկյանի, շատ կարևոր է բոլոր քայլերի հաշվարկը։ Որպես օրինակ՝ ԱԺ պատգամավորը հիշեցնում է, որ այս օրերին թափուր է հայ-ռուսական միացյալ բանակային միավորման հրամանատարի պաշտոնը (նախկին հրամանատար Տիգրան Փարվանյանը մարտի 14-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով — խմբ.)։ «Զինված ուժերում ամիսներ շարունակ թափուր են մնում կարևորագույն պաշտոնները։ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը նույնպես ամիսներով թափուր է, ինչը բացասական ազդեցություն է ունենում բանակի վրա», - հավելեց նա։

Խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին՝ Մանուկյանը նկատեց, որ «հայկական կողմի՝ այդ թվում և Արցախի որոշ նախկին և ներկա պաշտոնյաների պոռոտախոսությունը հանգեցնում է բացասական հետևանքների»։ «Պետք է ասեմ, որ ցանկացած տեղեկատվության հրապարակում կարող է անվտանգային համակարգի վրա հետևանքներ ունենալ։ Մեծախոսությունը, չհաշվարկված տեղեկությունների հրապարակայնացումը հանգեցնում է թշնամու կողմից հակազդեցության», - նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ