ՌԴ խաղաղապահները թույլ չեն տալիս մոտենալ Ստեփանակերտ-Լիսագոր հատվածին, բանակցություններն ընթանում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

լիսագոր

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքների  մեկի հատվածում ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են նշված բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ  բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար ադրբեջանցիների վերադարձը ելման դիրք: 

24News-ը փորձեց մանրամասներ ճշտել Լիսագոր գյուղի ղեկավար Գագիկ Նասիբյանից և Շուշի համայնքի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանից:

Լիսագորի և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարները նշեցին, որ իրենք տեղեկություն չունեն, իրենց թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին, քանի որ դա ռուս խաղաղապահների վերահսկողության գոտին է:
Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը նշեց, որ իր տեղեկություններով, ռուս խաղաղապահները բանակցությունները շարունակում են:

«Մենք տեղեկություններ չունենք, միայն գիտենք, որ ճանապարհը բացելու հետ կապված բանակցությունները շարունակվում են, հավանաբար, որևէ փոփոխություն չկա, դրա համար տեղեկություն չեն հայտնում: Մեր վարչական սահմանում է, բայց գյուղից 15 կմ հեռու է: Ճանապարհի փակումը մեծ վտանգ է ներկայացնում, ադրբեջանցիներն ուզում են ճանապարհն իրենց վերահսկողության տակ առնել, բայց չպետք է թույլ տալ, որ հարցը իրենց ուզած ձևով լուծվի, այդ ճանապարհով մարդիկ տեղաշարժվում են, եթե փակվի՝ շատ լուրջ խնդիրներ կառաջանան: Ճանապարհի փակ լինելու պատճառով երեկվանից այդ ուղղությամբ տեղաշարժ չկա»,-մանրամասնեց Նասիբյանը:
Անդրադառնալով, տելեգրամյան ալիքների այն տեղեկությանը, որ գիշերը ժամը 02:40-ին Արցախի Թաղավարդ գյուղի երկնքում հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել, Նասիբյանը նշեց, որ դա զարմանալի բան չէ, պաբերաբար թռչող սարքեր են հայտվում նաև Լիսագորի համայնքում:

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ