ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մարտի 22-ին և 23-ին Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախազորակոչային տարիքի պատանիների միջև ռազմականացված հնգամարտի հանրապետական մրցումներ են անցկացվել: Տեղեկանում ենք ԱՀ ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
Ռազմականացված հնգամարտի մրցումների անցկացումն Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախազորակոչային պատրաստության բաժնի ամենամյա ծրագրերից է: Այն նպատակ ունի դպրոցականների մեջ հայրենասիրություն ու ռազմական գործի հանդեպ սեր դաստիարակել, դպրոցականներին նախապատրաստել հայրենիքի պաշտպանությանը, նպաստել ապագա զինվորին անհրաժեշտ կարողությունների ու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև ՆԶՊ և ֆիզկուլտուրա առարկաների ծրագրերի յուրացմանը:
Ռազմականացված հնգամարտի մրցումներն անց են կացվում երկու փուլով՝ շրջանային և հանրապետական: Հանրապետական փուլին մասնակցում են շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանների նախազորակոչային տարիքի պատանիներից կազմված թիմերը:
Մրցումներն անց են կացվում ռազմականացված կրոսավազք, նռնակի նետում, 100 մետր և 1000 մետր վազք, վերելք շրջումով մարզաձևերից և ռազմակիրառական վարժություններից։
Թիմերի միջև պայքարում առաջին տեղում Ստեփանակերտի հավաքականն է, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ասկերանի հավաքականը, իսկ երրորդ տեղում Մարտունու թիմն է:
Անհատական մրցապայքարում առաջին տեղն է զբաղեցրել Արսեն Մարտիրոսյանը (Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոց), երկրորդ տեղում Մարատ Հարությունյանն է (Ստեփանակերտի հ.9 հիմնական դպրոց), երրորդ տեղում՝ Կորյուն Փաշայանը (Ստեփանակերտի հ.2 դպրոց):
100 մետր և 1000 մետր վազք մարզաձևերում լավագույն մարզիկ է ճանաչվել Ռոբերտ Աղաջանյանը:
Նռնակի նետում մարզաձևում լավագույնը Արսեն Մարտիրոսյանն է, վերելք շրջումով մարզաձևում ՝ Անդրանիկ Գասպարյանը: Մարատ Հարությունյանը՝ գրանցելով բարձր ցուցանիշներ, լավագույնն է ճանաչվել ռազմականացված կրոսավազքում:
Թիմային հաշվարկում մրցանակաին տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու պաշտպանության նախարարությունների համապատասխան կարգի դիպլոմներով, պատվոգրերով, դրամական պարգևներով և արժեքավոր նվերներով:
Անհատական մրցումներում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները և մարզիչները պարգևատրվել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու պաշտպանության նախարարությունների պատվոգրերով, ստացել դրամական պարգևներ:
Խրախուսվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիչները:
--00—ՍՊ