Արբիտրաժային գործով բողոքները այսուհետ կքննվեն մեկ դատավորի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

AN

Առաջարկվող փաթեթը կբացառի նաև չարաշահումները, երբ վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը կասեցվում է. նախատեսվում են մի շարք նոր կարգավորումներ` արբիտրաժի զարգացման համար

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից: Հայաստանում վեճերի լուծումն արբիտրաժային դատարանին վերապահելը, ցավոք, ներկայումս բավականաչափ տարածված երևույթ չէ: Ուստի, Հայաստանում արբիտրաժի ինստիտուտն առավել տարածված դարձնելը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոց, կարևոր է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տեսանկյունից:

Արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարևոր է օրենսդրական կարգավորումների վերանայումը, գործող օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները հստակեցնելը:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ նախագծերով առաջարկվում է սահմանել արբիտրների շահերի բախման բացահայտման բավարար գործիքներ՝ հստակ նախատեսելով արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը: Առաջարկվում է նաև սահմանել թե արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման դեպքում գործը ո՞ր դատարանի կողմից է քննվելու՝ այդ իրավասությունը վերապահելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին: Առաջարկվող փաթեթը կբացառի նաև չարաշահումները, երբ վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը կասեցվում է, քանի որ մյուս կողմը արբիտրաժի այդ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում, անհարկի երկարաձգելով արբիտրաժային գործի վերջնական լուծման գործընթացը:

Փոփոխություններով այդ երկու բողոքները կմիավորվեն մեկ վարույթում և այսուհետ կքննվեն մեկ դատավորի կողմից՝ սահմանելով դիմումը քննելու հստակ ժամկետներ:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

--00—ՍՊ