Եթե Փաշինյանը խոսում է 5-րդ շարասյան մասին ու չի պատժում, ուրեմն՝ հրամանատարն ինքն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է գնահատական տա այս իշխանություններին, թե օրենսդիր, գործադիր մարմիններն ի՞նչ աշխատանքներ են ծավալել պետական և ռազմական կառավարման վերաբերյալ, նաև գնահատական տա դատաիրավական համակարգին: 44-օրյա քննիչ հանձնաժողովն իրականությունը չի բացահայտելու, սլաքները շեղելու է դեպի բանակը և զինվորականությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով պատերազմի օրերին Շուշիի պաշտպանության հարցում Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանի նաև իր վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին՝ Օհանյանը նշեց, որ Շուշիի պաշտպանությունը ստանձնել է Շուշիի ձևավորված հրամանատարությունը, որը եղել է ՊԲ-ի ենթակայության տակ. «Պետական ռազմական կառավարման ոլորտում կարող են պատասխանատվություն կրել նրանք, ովքեր լծակներ ունեն կառավարելու և ունեն ենթակա կառույցներ, ստորաբաժանումներ, ես՝ որպես կամավոր, Շուշիում աջակցություն եմ ցուցաբերել միայն աշխարհազորի ձևավորման հարցում:

Մնացած հարցերում ռազմական կառավարումը իրականացրել է ՝ ՀՀ-ի ու Արցախի ղեկավարությունը: Ոմն Ռոման Բաղդասարյան ասում է՝ Շուշիից Սեյրան Օհանյանն իր ջոկատվ փախավ, ստի հերը անիծե՞մ, թե Սեյրան Օհանյանը ջոկատ է ունեցել: Պատասխանատվություն կարող են կրել այն մարդիկ, որոնք ունեցել են ռազմական կառավարման լծակներ: Ես 59 տարեկան հասակում կամավոր եմ եղել և որևէ պետական պաշտոն չեմ ստանձնել»:

Հարցին, թե քննիչ հանձնաժողովում այս ուղղությամբ արդյոք հնարավո՞ր է իր կողմ ևս սլաքներ ուղղվեն, Օհանյանը չբացառեց:

Անդրադառնալով պատերազմի օրերին 5-րդ շարասյան առկայության մասին Փաշինյանի հայտարարությանը, Օհանյանը նշեց, որ եթե պատերազմի օրերին բանակում 5-րդ շարասյուն է ձևավորվել ու գործել, ինչու՞ որևէ մեկը չի բացահայտել և պատժվել. «Ինչո՞ւ են պատերազմի օրերին պարտության ճանապարհը խրախուսել՝ շնորհելով գեներալի, հերոսի կոչումներ, շքանշաններ, պաշտոնների բարձրացումներ և այլն: Պատերազմի հանգամանքները չքննած՝ դատաիրավական ամբողջ համակարգին շնորհել են դասային տարբեր ատիճաններ, այն դեպքում, երբ իրենք էլ էին պատասխանատվություն կրում պարտության համար: Եթե Փաշինյանը խոսում է 5-րդ շարասյան մասին ու չի բացահայտում, պատժում, նշանակում է՝ հրամանատարն ինքն է: Խելացի և երկրի մասին մտածող մարդիկ նախ բացահայտում են նրանց և գաղտնի պահում՝ բանակին չհարվածելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ