Ադրբեջանի ագրեսիվ վարքի մասին Մ․ Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

e61fa292-9477-4528-9eab-c34fa9ed4415.jpg

Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ:

«Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», - նշվում է նամակում:

Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը:

«Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», - գրում է Մհեր Մարգարյանը:

Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա:

--00—ԶՀ