Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում կգումարի 2023թ․ հաշվետու ընդհանուր ժողովը` ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

b70775ee-0829-4b33-807f-aa367b523055.jpg

2023թ. մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) կանցկացնի իր հերթական հաշվետու ընդհանուր ժողովը, որը ԱԱՊՀ-ի հիմնաքարային միջոցառումներից է և գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովը կնախագահի ԱԱՊՀ գործող նախագահ պրն. Աշոտ Հովհաննիսյանը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն․ Քրիստինա Քվինը նույնպես ներկա կգտնվի ժողովին: Դեսպան Քվինը հանդես կգա բացման խոսքով՝ ընդգծելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր գործընկերությունը և ուրվագծելով Հայաստանում իր տնտեսական առաջնահերթությունները։

Ժողովի ընթացքում կներկայացվի ԱԱՊՀ 2021-2023 թվականների զեկույցը՝ ներառյալ այս շրջանում ԱԱՊՀի ռազմավարության իրագործումը, ընդհանուր գործունեությունը, ֆինանսական վիճակը, ինչպես նաև կազմակերպչական առաջնահերթությունների և պլանների ուրվագիծը:

Ժողովի ընթացքում նաև կկայանա ԱԱՊՀ Տնօրենների խորհրդի հերթական ընտրությունը, որից առաջ առաջադրված թեկնածուները հանդես կգան կարճ ելույթներով՝ ներկայացնելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավման իրենց տեսլականը:

ԱԱՊՀ Տնօրենների խորհուրդը, ներառյալ Խորհրդի Նախագահը, երկու Փոխնախագահները և ինը անդամ Տնօրենները, կընտրվեն երկու տարի ժամկետով, սկսած  2023 թվականից։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 160 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ: Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ:

--00—ԶՀ