ԵԿԱ կառավարման խորհուրդն ափսոսանք է հայտնում Էդմոնդ Ղազարյանի հրաժարականի դիմում տալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Screenshot 2023-03-20 175557

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ Կառավարման խորհրդի հայտարարությունը․

«Երևանի կենդանաբանական այգին կառավարման և կենդանիների բարեկեցության տեսանկյունից դեռևս մեկ տարի առաջ գտնվում էր ճգնաժամային իրավիճակում: ԵԿԱ Կառավարման խորհուրդը պարբերաբար անդրադարձել է այդ հարցին իր ամենամսյա նիստերի ընթացքում և մտահոգություն է հայտնել իրավիճակը հապճեպ շտկելու վերաբերյալ: Նման իրավիճակում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ընդառաջ գնալով Կառավարման խորհրդին, այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Էդմոնդ Ղազարյանին:

 Կարճ ժամանակահատվածում  Է. Ղազարյանը կարողացավ հասկանալ ԵԿԱ առջև ծառացած խնդիրների էությունը և սրտացավորեն լծվեց դրանց լուծմանն՝ իր շուրջը համախմբելով նաև այգու կոլեկտիվին: Արդյունքում Երևանի կենդանաբանական այգին ոչ միայն հաղթահարեց ճգնաժամային իրավիճակը, այլև թևակոխեց զարգացման նոր փուլ: Շուրջ մեկ տարվա ընթացքում նախ բարելավվեցին կենդանիների բարեկեցության պայմանները, ապա լայն ծավալներով մեկնարկեցին համապատասխան ենթակառուցվածքների նախագծման և վերանորոգման աշխատանքները:

Այգու տարածքի քարտեզագրման և սահմանների ճշգրտման արդյունքում առաջին անգամ իրականացվեց հողամասերի նկատմամբ ԵԿԱ գույքային իրավունքների պետական գրանցումը: Ամբողջ տարածքում տեղադրվեցին տեսահսկման համակարգեր, բարելավվեց կենդանիների կերախոհանոցը, այգին համալրվեց նոր կենդանիներով, բարելավվեցին այգու աշխատակիցների աշխատանքային պայմանները: 

Սերտ համագործակցելով Կառավարման խորհրդի հետ՝ հնարավոր եղավ սկսել ԵԿԱ զարգացման ծրագրի (master plan) մշակման աշխատանքները, որի արդյունքում զարգացման գործընթացը սկսեց ընթանալ այգու զարգացման տեսլականին համապատասխան:

 ԵԿԱ կառավարման խորհուրդն ափսոսանք է հայտնում այգու տնօրենի պաշտոնից Էդմոնդ Ղազարյանին հրաժարականի դիմում տալու կապակցությամբ, և միաժամանակ շնորհակալություն է հայտնում նրան՝ անցած մեկ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար:

Հույս ենք հայտնում, որ այգին այսուհետ չի շեղվի իր զարգացման տեսլականից, և ԵԿԱ նոր ղեկավարությունը հաջողությամբ կշարունակի է. Ղազարյանի կողմից թողած դրական փոփոխությունները ԵԿԱ զարգացման գործում: 

 Միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում Երևանի նախկին  քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ Երևանի կենդանաբանական այգու հիմնախնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու և դրանց լուծման հնարավորություններ ընձեռելու համար»:

--00—ՅՄ